«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, տարբեր երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ՝ «Այլևս երբեք» խորագրի ներքո: Ծրագիրը ներառում է հանդիպումներ, սեմինարներ, գեղարվեստական և փաստագրական ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագրում 20-ից ավելի հայ և արտասահմանցի ռեժիսորների ֆիլմեր են, որոնք ցուցադրվել են Բելառուսում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Լիտվայում և Թուրքիայում:
«Այլևս երբեք» ծրագրի առաջին կիսամյակը կամփոփվի Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, հունիսի 19-26-ին՝ Մեծ եղեռնին նվիրված 7 ֆիլմի ցուցադրությամբ: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ավարտից հետո:
Ծրագրի արդեն անցած և անցնելիք ճանապարհի վերաբերյալ պարզաբանումներով մամլո ասուլիսի շրջանակներում հանդես եկան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, «Այլևս երբեք» ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանը:
Հարություն Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ «Այլևս երբեք» կինոծրագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման շրջանակներում իրականացված մի նախագիծ է, որը կոչված է փաստելու, թե մենք՝ հայերս, ապրում ենք, կանք աշխարհում և կարևոր ներկայություն ենք կինոարվեստում: Իսկ կինոարվեստը, ըստ Խաչատրյանի, մեզ նման փոքր երկրների համար ամենակարևոր զենքն է, որով հնարավոր է աշխարհին համոզել մեր ճշմարտացիության մեջ՝ բոլոր լեզուներով, բոլոր երկրներում պատմելով հավաստի և իրական մեր պատմությունը:
Ի մասնավորի՝ նա ասաց. «Կարծեմ հայ ազգն այսպիսի լուրջ, մեծածավալ ակցիա չէր ունեցել՝ իր պատմությունը պատմելու, իր ցավը ներկայացնելու առումով, նաև այն առումով, որ աշխարհին ցույց տար իր հպարտությունը, որ ինքն այդ ցավին զուգահեռ ստեղծում է նաև արվեստ, ապրում է, գոյատևում»:
Կինոնախագծի հանդիսատեսները հիմնականում եղել են օտարազգիներ, որոնց հետաքրքրել են Հայաստանի պատմությունը, հայ ժողովուրդը, ցեղասպանության մասին ճշմարտությունը:
Մեծ աջակցություն են ցուցաբերել կինոփառատոնի անցկացմանը տեղերում գործող հայկական դեսպանատները:
Րաֆֆի Մովսիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ ծրագիրը ներառել է նաև այնպիսի երկրներ, որոնք պաշտոնապես չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը: Սա մշակութային ծրագրին հաղորդում է լուրջ քաղաքական ենթատեքստ և հիմքեր տալիս մտածելու, թե կինոնախագիծը կարող է ծառայել նաև հայանպաստ քաղաքական լուծումների:
Մի շարք երկրներում ծրագիրը ներկայացնելու առաքելությունն ստանձնել է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:
«Իրատեսի» հարցին, թե արդյո՞ք այս նախագիծը հիմք է ստեղծել, որ Հայկական հարցին, Հայաստանին և հայությանը վերաբերող թեմաներով հետագայում ևս նկարահանվեն ֆիլմեր՝ ներգրավելով այդ գործում կինոաշխարհի նոր անունների, Սուսաննա Հարությունյանը պատասխանեց. «Անշո՛ւշտ: Վերջին հինգ տարում «Հայ-թուրքական կինոպլատֆորմի» շրջանակներում կազմակերպված աշխատաժողովների ամենանշանակալից ձեռքբերումն այն է, որ եթե մեր առաջին հանդիպումներին մասնակցել են հինգական կինոգործիչ Հայաստանից և Թուրքիայից, ապա այսօր՝ հինգ տարի անց, այդ թիվը գերազանցել է հարյուրը: Եվ եթե սկզբում մենք դժվարանում էինք ցավոտ հարցերի մասին խոսելիս ընդհանուր լեզու գտնել միմյանց հետ, ընդհանուր եզրագծեր գտնել, ապա այսօր հանդիպումների ընթացքում մենք շփվում ենք շատ անկաշկանդ: Արդեն այդ ծրագրի շրջանակներում ստեղծվել է տասնյոթ ֆիլմ, որոնց ութսուն տոկոսը տարբեր տեսանկյուններով անդրադառնում է Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը: Եվ դրանք բոլորը հայանպաստ ֆիլմեր են: Մենք մեր տեսակետը, մեր ցավը կարողանում ենք հասցնել լսարանին: Թեև այդ լսարանը դեռևս սահմանափակ շրջանակ է ընդգրկում, դեռևս կինոգործիչների սահմանափակ խումբ է ներգրավված այս աշխատանքներում, բայց այդ կինոգործիչները բոլոր երկրներում, այդ թվում և՝ Թուրքիայում, բաղկացած են այն առաջադեմ զանգվածից, որը պատրաստ է և՛ առերեսվելու իր պատմության հետ, և՛ լսելու մեզ, և՛ երկխոսելու մեզ հետ: Իհարկե, ամեն բան հալած յուղի պես չի ընդունվում, բայց մենք առնչվում ենք առանձնահատուկ ինտելեկտի տեր կինոգործիչների հետ, որոնք իրազեկված են կամ գոնե փորձում են իրազեկվել»:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ